«Զապոլյարյե» ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը, որն իրականացնում էր Գելենջիկ-Նովոսիբիրսկ չվերթը, օգոստոսի 17-ի երեկոյան Նովոսիբիրսկի «Տոլմաչեվո» օդանավակայանում վայրեջք է կատարել շասսիի աջ անիվի անսարքության պայմաներում: Այս մասին հայտնել են ՌԴ Արեւմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունում:

Տուժածներ չկան: Ինքնաթիռում եղել են 140 ուղեւորներ եւ անձնակազմի 8 անդամներ:

Տրանսպորտային դատախազությունը քննություն է իրականացնում փչացած անիվով վայրեջք կատարելու փաստի առնչությամբ: Պարզվել է, որ վայրեջքի ժամանակ ինքնաթիռի անիվը կոտրվել է: Վերջին օրերին սա արդեն երկրորդ դեպքն է Նովոսիբիրսկի օդանավակայանում: Օգոստոսի 15-ին այստեղ պարտադրված վայրեջք է կատարել «Նորդավիա-Ռեգիոնալ ավիաուղիներ» ընկերությանը պատկանող «Բոինգ-737-500» ինքնաթիռը: Դեպքի պատճառը եղել է ինքնաթիռի ձախ շարժիչի գեներատորի անսարքությունը, որը դադարել է աշխատել: