Հայաստանը պետք է մեկ օր շուտ իր քաղաքական պատրաստակամությունը հայտնի Իրան-Նախիջեւան-Հայաստան-Վրաստան երկաթուղու վերագործարկման եւ զուգահեռ գազատարի շինարարության հարցում։ Այս մասին օգոստոսի 10-ին «Հայ-իրանական ռազմավարական գործընկերության հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Կանադայում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Նրա համոզմամբ՝ Հայաստանը պետք է պարբերաբար նոր տնտեսական եւ քաղաքական առաջարկներ անի, ավելի բարենպաստ պայմաններ ապահովի ներդրումների համար։ «Տեսականորեն Իրանի գազը կարող է անցնել Իրաքով դեպի Սիրիա։ Երկրորդ ճանապարհը Թուրքիայով է, բայց այստեղ կա քրդական գործոնը։ Երրորդ ուղին Ադրբեջանով եւ Վրաստանով է անցնում, բայց այստեղ խանգարող գործոնը կարող է լինել ղարաբաղյան հակամարտությունը։
Համեմատաբար կայուն կարող է լինել իրանական գազը Հայաստանով եւ Վրաստանով Եվրոպա արտահանելը»,- ընդգծեց Պապյանը։
Վերլուծաբանը նաեւ նշեց, որ Իրանի միջուկային գործարքից հետո անվտանգության առումով նրա դերը բարձրանում է։ «Իրանը տարածաշրջանում «ժանդարմի» դեր կստանձնի դրական իմաստով։ Միաժամանակ Թուրքիան կկորցնի իր առաջվա դերը»,- եզրափակեց Արա Պապյանը։




























