Իրանի հետ առեւտրի զարգացման համար Հայաստանին անհրաժեշտ  է մրցունակ տնտեսություն ունենալ։ Այս մասին օգոստոսի 10-ին «Հայ-իրանական ռազմավարական գործընկերության հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱՄՆ-ում գործող «Քաղաքական ֆորում Հայաստան» («Policy forum Armenia») ՀԿ ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը։

Անդրադառնալով Իրանի դեմ գործող պատժամիջոցները հանելու հետ կապված Հայաստանի ակնկալիքներին՝ նա նշեց, որ անհրաժեշտ է հասկանալ Իրանի ներուժը, ու նրանից ակնկալիքները իրականում հսկայական են։ «Իրանի դեմ պատժամիջոցները կվերանայվեն ոչ միանգամից։ Ինձ թվում է, խոսքը 2-3 տարվա մասին է։ Բայց կարծում եմ, որ մենք իրականում շատ ժամանակ չունենք։ Հայաստանը պետք է կարողանա օգտվել տրանզիտի հնարավորությունից»,- ընդգծեց Գրիգորյանը։

Նա նշեց, որ անհրաժեշտ է լինել մրցունակ։ «Իրանի հետ առեւտրի համար անհրաժեշտ է մրցունակ տնտեսություն ունենալ։ Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրի ծավալները փոքր են՝ 50 մլն դոլարից քիչ։ Դա հենց այդ ցածր մրցունակության հետեւանք է»,- ընդգծեց Դավիթ Գրիգորյանը։ Նրա կարծիքով՝ վերջին հույսը մնում է այն, որ Հայաստանը կարողանա օգտվել Իրանի նավահանգիստներից եւ այդպիսով դուրս գա համաշխարհային շուկա։