Հայաստանը կարող է բավարարել Իրանի տեխնոլոգիական պահանջները։ Այս մասին օգոստոսի 10-ին՝ «Հայ-իրանական ռազմավարական գործընկերության հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ, «Հայ-իրանական բարեկամություն» ՀԿ անդամ Գարեգին Չուգասզյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը Իրանի համար կրթական կենտրոնի վերածելու մեծ հնարավորություններ կան։ «Հայաստանը տեխնոլոգիական հնարավորությունների  ազատ պայմանների առումով քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավորություն ունի դառնալ տեխնոլոգիական տարանցիկ կենտրոն։ Որքան էլ որ մենք ասենք, որ Թուրքիան է կատարում այդ դերը, ամեն դեպքում այստեղ քաղաքական անվստահության հարց կա։

Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, տարածաշրջանում չի մրցակցում Իրանի հետ, իսկ Ադրբեջանի դեպքում դրան ավելանում է նաեւ ադրբեջանական մեծաքանակ բնակչության հարցը»,- ընդգծեց Չուգասզյանը։

Նրա խոսքով՝ սփյուռքը տեխնոլոգիական ոլորտում իր կապերով կարող է որոշակի դեր խաղալ ոչ միայն ներհայաստանյան կյանքում, այլ նաեւ տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանում։ «Տեխնոլոգիական ոլորտը ներդրումների տեսակետից նավթագազային ոլորտից հետո երկրորդն է»,- եզրափակեց Գարեգին Չուգասզյանը։