Իրանը հայտարարել է Ադրբեջանի հետ համատեղ համաշխարհային շուկաներ գազ արտահանելու հարցով Բաքվի հետ բանակցությունների մեկնարկի մասին։ Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը, դա կարող է նշանակել, որ Թեհրանն արդեն վերադարձել է խողովակաշարով Եվրոպա գազ արտահանելու պլաններին։
Գործակալությունը մեջբերում է Իրանի ազգային գազային ընկերության տնօրեն Ալիռեզա Քամելիի խոսքը, որ իր ընկերությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ այդ հարցով լուրջ բանակցություններ է սկսել։
«Թեհրանն ու Բաքուն գազի արտահանման ծրագրերում համատեղ ներդրումների հարցով բանակցություններ են վարել։ Իրանը պլանավորում է առաջիկա 3 տարվա ընթացքում մեծացնել գազի արդյունահանությունը»,- գրում է ՏԱՍՍ-ը։
Եվրոպային գազ մատակարարելու հարցի շուրջ Իրանի հետ բանակցությունները ժամանակին նախաձեռնել էր Nabucco կոնսորցիումը եւ շվեյցարական EGL-ը։ Սակայն տարբեր խնդիրների, մասնավորապես պատժամիջոցների պատճառով երկու ընկերություններն էլ հրաժարվեցին Իրանին ընդգրկել դեպի Եվրոպա գազ մատակարարող խողովակաշարի ծրագրում։
Ներկայիս պարագայում կարելի է խոսել Ադրբեջանի մասնակցությամբ ավելի լուրջ պլանների մասին, նշում է ISNA-ն։ Վերջերս Թեհրան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաեւը Իրանի նավթի նախարարին հայտնել էր, որ Իրանը կարող է օգտագործել Ադրբեջանի ենթակառուցվածքները իր նավթն ու գազը համաշխարհային շուկա հանելու համար։ Ընդ որում, նա նաեւ նշել էր, որ ապագայում Իրանը կարող է միանալ Տրանսանատոլիական գազատարին։
Ենթադրվում է, որ 1850 կմ ձգվող այդ խողովակաշարը ադրբեջանական «Շահ դենիզ 2» հանքավայրից Թուրքիայով գազ կմատակարարի դեպի Եվրոպա։





























