Համաշխարհային բանկի փորձագետները 2016 թվին կանխատեսում են նավթի համաշխարհային գների անկում  մեկ բարելի համար 10 դոլարով՝ այն բանից հետո, երբ կվերացվեն Իրանի հանդեպ տնտեսական պատժամիջոցները։ Նման կանխատեսումներ են հրապարակվել այդ միջազգային ֆինանսական հաստատության զեկույցում։

«Իրանի ամբողջական վերադարձը համաշխարհային շուկա ի վերջո օրական մեկ միլիոն բարել նավթ կավելացնի՝ եկող տարում իջեցնելով նավթի գինը մեկ բարելի համար 10 դոլարով», — ասվում է հաղորդագրությունում։

Իրանում նավթի արտադրությունը նկատելիորեն գերազանցում է ներքին պահանջարկը, դրա համար էլ Իրանի վերադարձը նավթի համաշխարհային շուկա անխուսափելի է, նշվում է զեկույցում, որը վկայակոչել է  Gazeta-ն։

«2012-ին պատժամիջոցների խստացումը   հանգեցրել էր իրանական նավթի արտահանման կտրուկ նվազմանը եւ երկու տարվա բացասական դինամիկայի, այնինչ՝ պատժամիջոցների վերացումը, մեր կարծիքով, կարագացնի արտահանումը եւ կաշխուժացնի տնտեսությունը», - մեկնաբանում է այս կանխատեսումը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ֆինանսական ինստիտուտի գլխավոր տնտեսագետ Շանթ Դեւարյանը։

Պատժամիջոցների վերացումը նաեւ կմեծացնի իսլամական հանրապետության առեւտրի ծավալը, որը կհասնի մոտ  17 միլիարդ դոլարի։ Իրանի առանցքային առեւտրական գործընկերները հավանաբար կդառնան Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան։  Արտասահմանյան ներդրումների ծավալը, Համաշխարհային բանկի կանխատեսման համաձայն, կաճի մինչեւ տարեկան  3 միլիարդ դոլար։

« 2015-ի ապրիլի շրջանակային համաձայնությունից ի վեր մենք Իրանում ներդրումների հանդեպ մեծացած հետաքրքրություն ենք նկատում միջազգային ընկերությունների կողմից, հատկապես՝ նավթագազային ոլորտի։  Հավանական է, որ այդ միտումը կարագանա պատժամիջոցների վերացմանը զուգահեռ՝ ապահովելով այդքան անհրաժեշտ կապիտալը եւ նորացնելով երկրի նավթային սեկտորի տեխնոլոգիաները», - նշում է տնտեսագետ Լիլի Մոթաղին՝ Համաշխարհային բանկի՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով մասնագետը։

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարագացնի Իրանի տնտեսական աճը։ Համաշխարհային բանկի մասնագետի գնահատականներով, Իրանի համաշխարհային համախառն արդյունքը 2016-ին կաճի  5%-ով։