Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովում ամենակարեւորը նրա խորհրդանշական նշանակությունն է Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով, փաստը, որ ՀԱՊԿ գագաթնաժողովն անցկացվում է Երեւանում, շատ կարեւոր է երկրի համար:

«Քաղաքական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ շատ լարված է, այդ թվում հարեւան Ադրբեջանի բարձր շրջանակների ռազմատենչ հռետորաբանության հետեւանքով: ՀԱՊԿ-ն հասկացնում է, որ հանդես է գալիս պատերազմի դեմ: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսումը չի բխում Ռուսաստանի շահերից»,- ընդգծել է Զատուլինը՝ հավելելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը կրում է զուտ քարոզչական բնույթ:

«Ներկայիս վարչախումբը ցանկանում է համոզել երկրի ներսում այս կամ այն ուժերին, թե պատրաստվում է որոշակի քայլեր ձեռնարկել ռազմական գործողությունների վերսկսման ուղղությամբ»,- ասել է ՌԴ Պետդումայի պատգամավորը՝ նկատելով, որ կա նաեւ արտաքին բազմանպատակային վեկտորը:

«Ես հավատում եմ, որ ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծումը հնարավոր է, պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ վերադարձնել զբաղեցրած տարածքները, սակայն կողմերն անընդհատ դոփում են այդ լուծման շուրջ եւ պատրաստ չեն ընդունել դա»,- նշել է Զատուլինը:

Հարցին, թե ինչպե՞ս կվարվի Ռուսաստանը, եթե Ադրբեջանն, այդուհանդերձ, վերսկսի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, Կոնստանտին Զատուլինն ասել է. «Դա հիպոթետիկ հարց է, որը հիպոթետիկ պատասխան է ենթադրում: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, սակայն դա չի կարելի այլընտրանք համարել Հայաստանի հետ հարաբերություններին»: Զատուլինի կարծիքով, Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ ունենալ լավ հարաբերություններ, սակայն Հայաստանն, իր հերթին, պետք է դրական արձագանքի դրանց, քանի որ դա զսպիչ գործոն է Լեռնային Ղարաբաղի հարցում: