Պետեկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցը մեղադրվում է խուլիգանության եւ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծառայությունում քննվող քրեական գործով կալանավորվել է պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակից Ա.Շահբազյանը: Նա մեղադրվում է բռնությամբ զուգորդված խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցիչների՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Շահբազյանին օգոստոսի 17-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ եւ 316-րդ հոդվածի 1-ին մասերով : Նույն օրը դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:



























