Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին օգոստոսի 10-ին այցելել են «Կրոնների եւ մշակույթների հանդիպում» հանձնախմբի անդամները՝ գլխավոր քարտուղար շեյխ Հուսեյն Ահմադ Շհադեի գլխավորությամբ:
Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխանցմամբ, Գլխավոր քարտուղարը նախ անդրադարձել է Վեհափառ Հայրապետի դերակատարությանը միջեկեղեցական, միջկրոնական ու ժողովուրդների միջեւ խաղաղ համագոյակցության բնագավառներում տարած աշխատանքներին:
Շեյխ Շհադեն հայտնել է, որ լավ է ճանաչում հայ ժողովրդի պատմությունը եւ նրա ցավը համարում է իր ցավը: Նա խստորեն դատապարտել է Թուրքիայի կողմից 100 տարի առաջ կազմակերպված ու իրականացված Հայոց ցեղասպանությունը:
Նա նաեւ նշել է, որ Թուրքիան այսօր եւս ժխտական դերակատարություն ունի Միջին Արեւելքի ապակայունացման, ինչպես նաեւ ահաբեկչական տարբեր խմբակների զորակցության մեջ: Շեյխ Շհադեն նաեւ նշել է, որ ցանկանում է օգտագործել առիթը եւ կաթողիկոսարանից կոչ ուղղել բոլոր քրիստոնյաներին՝ Միջին Արեւելքում կառչած մնալ իրենց արմատներին եւ հողերին:
Վեհափառ Հայրապետն իր հերթին, գնահատելով երկխոսության այս նախաքայլը, նշել է. «Քրիստոնեություն-իսլամ երկխոսությունը հրամայական անհրաժեշտություն է համաշխարհայնացած այս աշխարհի բոլոր մակարդակներում: Ամբողջ աշխարհն այսօր կրոնական ծայրահեղականության դժվարության դեմ հանդիման է կանգնում, եւ մեր բոլորի պարտավորությունն է պայքարել ծայրահեղականության դեմ»:
Նորին Սրբությունը նշել է, որ քրիստոնյա-մուսուլման համագոյակցությունը պահպանելու համար պետք է ջանք թափեն քրիստոնյաներն ու մուսուլմանները հավասարապես եւ զգուշանան կրոնի քաղաքական նպատակներով շահագործելու վտանգից:
Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը՝ Նորին Սրբությունը հայտնել է. «Հայ ժողովուրդը պատմության ընթացքում լավ ճանաչել է թուրքական նենգ քաղաքականությունը: Մեր օրերում արաբական աշխարհի զանազան պատասխանատուների զգուշացրել ենք Թուրքիայի երկդիմի ու վտանգավոր քաղաքականության մասին: Այսօր բոլորին ծանոթ են Թուրքիայի որդեգրած նոր պանթուրանիզմը եւ ծայրահեղականության ու ահաբեկչության իր կողմնակից լինելը»:































