Իրանը օգոստոսի 21-ին պատրաստվում է բացել ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ գտնվող առաջին ԱԷԿ-ը։

Հնարավոր է, որ Իսրայելն արդեն օգոստոսի 20-ին ռմբակոծի Բուշերի ատոմակայանն ու Իրանի միջուկային այլ օբյեկտներ: Նման ենթադրություն է արել The Washington Times-ը։

Իսրայելին հաշված օրեր են մնում Բուշերի ատոմային ռեակտորին հարվածելու համար, օգոստոսի 16-ին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին լիազոր ներկայացուցիչ Ջոն Բալտոնը, գրում է The Jerusalem Post-ը։ The Washington Times թերթի կարծիքով, անհրաժեշտ է գործել։

Փետրվարին ՄԱԳԱՏԷ-ն առաջին անգամ հայտարարել էր, որ Իրանը, հնարավոր է, գաղտնի կերպով մարտական գլխիկներ է մշակում, իսկ վերջերս հայտնել էր, որ Թեհրանն ընդլայնում է ուրանի հարստացմանն ուղղված իր գործունեությունը։

Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի երկնքից հարվածել Իրանին, եթե վերջինս այդպես էլ չզիջի միջուկային վեճում, Financial Times Deutschland-ում էքսկլյուզիվ հարցազրույցում ասել է իսրայելական բանակի բարձրաստիճան մի ներկայացուցիչ, ով ցանկացել է գաղտնի մնալ։