Իրանի նավթի նախարարը հրահանգել է նավթի արդյունահանումն ավելացնել օրական 500 հազար բարելով՝ այդ ոլորտը նախապատրաստելով Իրանի Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացմանը։ Այդ մասին հաղորդել է իրանական  Press TV հեռուստաալիքը։

Բայց չեն նշում, թե արդյո՞ք այդ կարգադրությունը վերաբերում է սոսկ փորձարարական մի ժամանակաշրջանի, որովհետեւ նախկինում իշխանությունները խոսում էին, թե մտադիր են նավթի արդյունահանումը մեծացնել միմիայն պատժամիջոցների վերացումից հետո։  Ավելի վաղ ԻՌՆԱ գործակալությունը մեջբերել էր Իրանական ազգային նավթընկերության տնօրեն Ռոկնուդդին Ջավադիի խոսքն այն մասին, որ նավթի «արդյունահանման մակարդակը Իրանում չի փոփոխվի, մինչեւ չհանվեն պատժամիջոցները»։

 Այս տարվա գարնանը, վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ ԻԱՆԸ փորձարկել է Խարք կղզու վրա իր արտահանման տերմինալները՝ ստուգելով  նավթի բեռնաթափման ռեկորդային բարձր տեմպ՝  օրական 7 միլիոն բարել ապահովելու հնարավորությունը։ Իրանական տերմինալները նույնիսկ նորացվել են, ինչը հնարավորություն կտա սպասարկել սուպերտանկերների։