Ռումինիան պատասխան հարված է հասցրել Ռուսաստանին՝ իր դեսպանության աշխատակից, Հայաստանում Ռումինիայի գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Գաբրիել Գրեկուին լրտեսության մեղադրանքով արտաքսելու համար:
Ռումինիայում «պերսոնա-նոն-գրատա» է հայտարարվել դիվանագետ Անատոլի Ակոպովը: Նա Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատան քարտուղարն էր:
Ռումինական իշխանությունների որոշմամբ, նրան 48 ժամ են տվել երկիրը լքելու համար: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Գաբրիել Գրեկուն ձերբակալվել էր Մոսկվայում օգոստոսի 16-ին: Նրան կասկածում էին լրտեսական գործունեության մեջ եւ պարտադրել են 48 ժամվա մեջ լքել երկիրը: Հատուկ ծառայությունների տեղեկություններով, Գրեկուն եղել է Ռումինիայի արտաքին տեղեկատվության ծառայության աշխատակից եւ տվյալներ է հավաքել Մերձդնեստրում ռուսական զորքերի տեղակայման մասին:



























