Հայաստանում դեռեւս 3300 փախստական ընտանիք բնակարանի կարիք ունի: Օգոստոսի 18-ին ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակի ղեկավար Դամթյու Դեսալեյնեի հետ հանիպման ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների եւ Հայաստանի միջեւ ծավալված համագործակցությունը։

Հայաստանի կառավարության անունից շնորհավորելով Դեսալեյնեին նշանակման կապակցությամբ` Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել աշխատանքում եւ համոզմունք հայտնել, որ դա լինելու է նաեւ Հայաստանի հաջողությունը փախստականների խնդիրների լուծման գործում։

ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել  վարչապետին ջերմ ընդունելության եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատանքներին տրված գնահատականների համար։

Անդրադարձ է  եղել  նաեւ ԼՂՀ-ում փախստականների խնդիրներին։ Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Հայաստանի կառավարության եւ ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի գրասենյակի փոխգործակցությունը։