Մարսի վրա որոշ լճերում ջուրը պահպանվել է 200 մլն տարի անց այն բանից հետո, երբ մոլորակի վրա ցամաքել են բոլոր օվկիանոսները: Այս մասին նշվում է Geology ամսագրում հրապարակված հոդվածում:

Ստացված նոր տվյալները վերլուծած գիտնականների կարծիքով, օվկիանոսների անհետացումից հետո Մարսը չի զրկվել ամբողջ ջրից: Նրանք հավաստում են, որ 3.6 մլրդ տարի առաջ ջուր է եղել այն լճում, որից 160 կմ հեռավորությամբ ներկայում գտնվում է Opportunity մարսագնացը: Հետազոտության հեղինակները չեն բացառում, որ խոսքը Մարսի ամենաերիտասարդ լճերից մեկի մասին է, որը մոլորակի ջրի վերջին աղբյուրներից է եղել:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գիտության համար այս բացահայտումը մեծ նշանակություն ունի այն առումով, որ Մարսի վրա ջրի առկայությունն անհրաժեշտ է այնտեղ երբեւէ կյանքի գոյության համար:

Այն մասին, որ խառնարանը նախկինում լիճ է եղել, գիտնականները ենթադրել են դրանում առկա աղի արդյունքում: Սակայն դրա գոյության ժամանակահատվածի մասին եզրակացություն անելը չափազանց դժվար է: