«Սիբիր» (S7 Airlines) ավիաընկերությունը վաճառքի է հանել Մոսկվա-Թբիլիսի չարթերային թռիչքների տոմսեր։ Դրանք բավականին մեծ պահանջարկ ունեն։ S7 ավիաընկերության Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթը կկայանա օգոստոսի 23-ին։

Չվերթներ կիրականացվեն շաբաթվա մեջ 3 անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի եւ շաբաթ օրերին Airbus A319 ինքնաթիռով։ Թռիչքը Մոսկվայից  10.25-ին է, իսկ ժամանումը Թբիլիսի 13.10-ին, հետադարձ թռիչքը` 14.00-ին եւ ժամանումը Մոսկվա՝ 16.50-ին։

Ընկերությունից հաղորդել են, որ այսօր երեկոյան Մոսկվայից սպասում են պատասխանի` չվերթների տոմսերի նոր գների վերաբերյալ։ «Նովոստի Գրուզիայի» հաղորդմամբ, մինչ այդ, տոմսի արժեքը մեկ ուղղությամբ տատանվում էր  470-665 լարիի (գրեթե 250-365 դոլար) միջեւ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ուղիղ չվերթները հանվել են 2006 թվականից` երկու պետությունների միջեւ հարաբերությունների լարումից հետո: Այն որոշ ժամանակով վերականգնվեց 2008 թվականին, բայց օգոստոսյան պատերազմից հետո կրկին դադարեցվեց։

Միակ ընկերությունը, որն իրականացնում էր ուղիղ չարթերային թռիչքներ՝ Airzena Georgian Airlines-ն էր։ Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի առաջին չարթերային թռիչքները Ռուսաստանի տրանսպորտի նախարարության թույլտվությամբ Airzena ընկերությունն իրականացրեց Զատիկի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մայիս-հունիսին Airzena-ն թույլտվություն  էր ստացել իրականացնելու Թբիլիս-Մոսկվա-Թբիլիսի 12 չարթերային թռիչք։