Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով եւ հանդիսավորությամբ օգոստոսի 16-ին նշելու է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հենց այս օր Սուրբ Տիրամայրի հոգին բարձրացել է երկինք:
Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Ըստ ավանդության՝ առաջինը բերքը բերվում է եկեղեցի եւ միայն օրհնություն ստանալուց հետո կարելի է խաղող ուտել:
Աստվածածնի Վերափոխման տոնին կհաջորդի Ննջեցյալների հիշատակի օրը (մեռելոց):
(Լրացված) Օգոստոսի 17-ին աշխատանքային օր է։
Հայաստանի կառավարությունն ավելի վաղ որոշում էր կայացրել, որ Աստվածածնի վերափոխման տոնին՝ խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային: Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է եւ ունի քրիստոնեական արժեհամակարգի հիման վրա հաստատված հասարակություն, կոչ են արել գործատուներին Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթի օրը` օգոստոսի 17-ին, ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր այցելում են եկեղեցի եւ գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների»:
Նույն որոշմամբ, ոչ աշխատանքային է լինելու սեպտեմբերի 14-ը՝ Խաչվերացին հաջորդող Մեռելոցի օրը։





























