Վաղը՝ օգոստոսի 16-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)։ Այս տոնը առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից չորրորդն է և տիրամորը նվիրված ամենահին և միակ տոնը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց  Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը։

«Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամակալության ներքո։ Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը»,- ասաց քահանա Հայրապետյանը։

Հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը նշեց, որ վաղը՝ օգոստոսի 16-ին  Արարատյան հայրապետական թեմի  (ԱՀԹ) բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվելու է խաղողօրհնեքի կարգ։ Պատարագի ավարտից հետո  մի շարք եկեղեցիների բակերում ազգային ու ժողովրդական խմբերի մասնակցությամբ տեղի կունենան միջոցառումներ, և կմատուցվի սիրո ճաշ։

Բացի դրանից, ԱՀԹ երիտասարդները Ազատության հարապարակում բարեգործական ծրագիր կիրականացնեն։

«Վաղը՝ օգոստոսի 16-ին, ժամը 18։00-ին Ազատության հարապարակում երիտասարդները Վանաձորի կարիքավոր աշակերտների համար կհավաքեն գրենական պիտույք, հագուստ, կոշիկ։Նախաձեռնությանը կմիանան նաեւ ԱՀԹ բոլոր եկեղեցիների համայնքները։ «Ձեռք մեկնիր» նախաձեռնության այս փուլում նախատեսվում է նոր ուսումնական տարուն ընդառաջ օգնել բոլոր այն բազմազավակ ընտանիքների երեխաներին, ովքեր չունեն անհրաժեշտ հագուստ և պարագաներ դպրոց հաճախելու համար»,– ասաց ԱՀԹ  երիտասարդական միության անդամ Վարդուհի Խաչատրյանը։