Այն, ինչ անում է Ռուսաստանը` որպես առանձին երկիր ԼՂ խնդրի կարգավորման հարցում, անքակտելի է այն քայլերից, որն այդ երկիրը ձեռնարկում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ: Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂ խնդրին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Վերջին մեկուկես, երկու տարվա ընթացքում նախագահ Մեդվեդեւն անձամբ հատուկ ուշադրություն է հատկացրել փոխզիջումային լուծումներ գտնելու խնդրին: Նա 6 հանդիպում է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Նախագահ Մեդվեդեւի, Ռուսաստանի այս ջանքերը, ինչպիսիք կշարունակենք նախաձեռնել, վայելում են Մինսկի խմբի մյուս համանախագահների հավանությունը: Ե’վ ամերիկացիները, ե’ւ ֆրանսիացիները բազմիցս իրենց համաձայնությունն են արտահայտել մեր ներկայացրած գաղափարներին: Յուրաքանչյուր դեպքում այդ գաղափարները մենք քննարկել եւ համաձայնեցրել ենք համանախագահների հետ, այդպես էր նաեւ Սանկտ-Պետերբուրգում վերջին հանդիպման ժամանակ, երբ հունիսին` Միջազգային տնտեսական համաժողովին զուգընթաց, կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը»,- ասել է Լավրովը, հավելելով, որ բանակցությունների ընթացքում ընդունված ցանկացած փաստաթղթում ընդգծվում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով հաղթահարելու անհրաժեշտությունը, որը ե’ւ ռուսական կողմի, ե’ւ համանախագահողների, ե’ւ ԵԱՀԿ-ի, ե’ւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տեսակետն է:
«Հակամարտության խաղաղ կարգավորումը, ուժային որեւէ միջադեպի անթույլատրելիությունը մեր բոլոր ջանքերի գլխավոր առաջնահերթությունն է: Իհարկե բոլորս կցանկանայինք, որ այդ քաղաքական գործընթացն ավարտվեր հնարավորինս արագ, առավել եւս որ նրա շրջանակում բավականին գործ է արվել: Սակայն ինչպես միշտ ստիպված ենք պայմանավորվածություններ փնտրել, որոնք, կրկնում եմ, ընդունելի կլինեն հակամարտող բոլոր կողմերի համար, այլապես կարգավորումը չի գործի»,- նշել է նա:
Այնուհետեւ անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հռետորությանը, Լավրոն ասել է. «Ես հակված չեմ չափազանցնել պարբերաբար հնչող հռետորության նշանակությունը, հիմնականում, ինչպես եւ մի շարք այլ դեպքերում, այն պայմանավորված է այս կամ այն երկրում, որտեղից այն հնչում է, ներքաղաքական իրադրությամբ: Բայց, իհարկե, այն գործին չի օգնում:
Մեր խնդիրն է հստակ կատարել այն հանձնարարությունները, որոնք Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ, ուղղել են արտգործնախարարներին, երեք երկրների հատուկ ներկայացուցիչներին: Այդ հանձնարարությունները հանգում են կողմերի միջեւ համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում գտնելուն, որոնք, ըստ էության, արտացոլում են ԵԱՀԿ հիմնական սկզբունքները: Իրադրությունն, ինչպես ասում են, դյուրիններից չէ, այն բարդանում է բավականին շատ արտաքին գործոններով: Սակայն մենք հավատարիմ ենք ջանքերը շարունակելու սկզբունքին եւ, կարծում եմ, կարող ենք հաջողության հասնել»:



























