«Առավոտ»-ի տեղեկություններով, նախկինում բարձրաստիճան ոստիկան՝ գեներալ-մայոր, իսկ այսօր Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն այս օրերին ջանքեր է գործադրում՝ փորձելով համոզել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնում Արամ Տեր-Թովմասյանին փոխարինել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Բաբաքեխյանով: Գիզիրյանն իր միջնորդությունը պատճառաբանում է նրանով, թե առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են լինելու, եւ իշխանություններին անհրաժեշտ ծառայություն մատուցելու համար պետք է, որ ինքը՝ որպես մարզպետ, մարզում իրեն վստահելի ոստիկանապետի հետ գործ ունենա:

Հավելենք, որ Գիզիրյանն ու Բաբաքեխյանը, քավոր-սանիկական բարեկամությունից զատ, նաեւ ոստիկանության համակարգում մշտապես միասին են աշխատել. Բաբաքեխյանը, որպես կանոն, աշխատել է Գիզիրյանի ենթակայությամբ՝ թե՜ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում, թե՜ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: