Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին S-300 համալիրներ վաճառելու մասին տեղեկությունը:
«Մենք երբեք զենք չենք մատակարարում այնպիսի տարածաշրջաններ, որտեղ նման մատակարարումը կարող է ապակայունացնել իրավիճակը, լինի դա Անդրկովկասը, Մերձավոր թե Միջին Արեւելքը, կամ մոլորակի մեկ այլ հատված: Ուստի, իմ կարծիքով, պետք է դիտարկել խնդրի էությունը, իսկ էությունն այն է, որ խոսքը պաշտպանական սպառազինությունների մասին է, որոնք մատակարարվում են բացառապես միջազգային պայմանավորվածությունների պահանջներին համապատասխան: Ես չէի փորձի դրանում իրադրությունն ապակայունացնող գործոն փնտրել: Պաշտպանական սպառազինություններն իրադրությունը չեն ապակայունացնում: Բացառությամբ միայն այն դեպքերի, երբ ինչ-որ մեկը փորձում է հարձակողական սպառազինություն գործի դնել, պաշտպանական սպառազինությունները կարող են խնդիր հարուցել նրա համար, ով ուժ է ծրագրում կիրառել: Ես համոզված եմ` տարածաշրջանում, որի մասին խոսում ենք, որեւէ պետություն չի պատրաստվում նոր ռազմական գործողություններ սկսել, քանի որ դա աղետալի կլիներ»,- ասել է Լավրովն ու հավելել. «Իսկ այն բանում, որ ագրեսորն ամեն դեպքում իր նպատակին չի հասնի, մենք համոզվեցինք 2008 թ. օգոստոսին, երբ ձեր հարեւանը` պրն. Սահակաշվիլին, փորձեց Հարավային Օսիայի խնդիրները լուծել միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի մեթոդներով: Ես համոզված եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նման փորձեր չեն լինի, քանի որ, ես մասնակցել եմ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հետ նախագահ Մեդվեդեվի հանդիպումներին, երեք նախագահներն էլ իրենց ստորագրություններն են դրել փաստաթղթերի տակ, որոնք չեն թույլատրում ուժի կիրառումը եւ հավաստում են հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մեթոդին»:
ՌԴ ԱԳ նախարարը ընդգծել է նաեւ, որ Ռուսաստանը S-300 համակարգերն, ինչպես եւ սպառազինությունների ցանկացած տեսակ, մատակարարում է իր օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:



























