Ռուսաստանն ու Իրանը կհամադրեն ահաբեկչության դեմ պայքարի իրենց ջանքերը: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի Արտգործնախարարությունում` երկու երկրի արտգործնախարարների` Սերգեյ Լավրովի եւ Ջավադ Զարիֆի բանակցությունների արդյունքներն ամփոփելով:
«Ընդգծվել է Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ կողմերի դիրքորոշումների նմանությունը: Դա թույլ կտա ավելի սերտորեն կոորդինացնել ջանքերը, նախ եւ առաջ փոխգործակցել Սիրիայում, Իրաքում եւ Եմենում հակամարտությունների կարգավորման նպատակով , ինչպես նաեւ ամրապնդել համատեղ պայքարը ահաբեկչական սպառնալիքի դեմ, որն իրենից ներկայացնում է "Իսլամական պետությունը" եւ այլ ծայրահեղական խմբավորումներ:
Նախարարներն ընդգծել են, որ Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի ստորագրումը լրացուցիչ հնարավորություններ է բացում ռուս-իրանական բազմապլան համագործակցության համար», - ասվում է Ռուսաստանի Արտգործնախարարության հաղորդագրության մեջ:





























