Ռուսաստանը կարող է վերսկսել ցորենի խոշորածավալ ներմուծումը, չնայած ավելի վաղ կառավարության տված հավաստիացումներին: Նման բան չէր եղել վերջին 10 տարվա ընթացքում: Ընդ որում, վերջնական որոշում դեռ չի կայացվել, հաղորդում է «Վեդոմոստի» թերթը:
Ռուսաստանը կարող է ներմուծել ավելի քան 5 մլն տոննա ցորեն: Գյուղնախարարության աղբյուրը նշել է, թե ներմուծման հարցն արդեն լուծված է եւ այժմ քննարկվում են միայն ծավալները: Նման քննարկումների փաստը հաստատել են նաեւ ռուսաստանյան ցորենի երկու խոշոր արտահանող ընկերությունները: Ցորենը ներմուծվելու է առաջին հերթին Ղազախստանից:
Իսկ ահա ՌԴ գյուղնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Աքսյոնովը հերքել է այդ տեղեկությունները: Նրա խոսքով, ցորենի ներմուծման մասին որեւէ քննարկում չի եղել: Մինչդեռ Ղազախստանը հաստատել է, որ մեծացնելու է արտահանումը, եւ մոտ 2 մլն տոննա ցորեն առաքելու է Ռուսաստան:
Ավելի վաղ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե չնայած երաշտին, Ռուսաստանը կարող է իր պաշարների հաշվին ապահովել իր կարիքները:



























