Պյատիգորսկ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի գործը հետաքննողները կարծում են, որ պայթեցված ВАЗ-2106 մեքենայի տիրոջը` տեղի բնակիչ Ալեքսանդր Կիմին դժվար թե հնարավոր լինի ողջ գտնել: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:

Հետախուզական վարչության աշխատակիցներն արդեն հարցաքննել են Ալ;եքսանդր Կիմի հարազատներին ու ծանոթներին: Տաքսիստ աշխատող Կիմն անհետացել է պայթյունի նախորդ օրը, երբ գնացել է հերթական ուղեւորին վերցնելու:

Ներկայումս քննվում է մի վարկած, ըստ որի ահաբեկիչները կարող էին օգտագործել տաքսիստին: Նրանք տաքսի են պատվիրել, որից հետո ականապատել են մեքենան եւ կայանել Պյատիգորսկի կենտրոնում:

«Քիչ հավանական է, որ մարդը պայթեցնի իր մեքենան, այնուհետեւ անհետանա: Նա չէր թաքնվի»,- ասում են ոստիկանները, չբացառելով, որ մեքենայի վարորդին վերացրել են որպես վտանգավոր վկա:

Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին ժամը 16:30-ին Պյատիգորսկ քաղաքի Կիրովի փողոցում: Ականապատված «Ժիգուլին» կայանված է եղել «Էրմիտաժ» սրճարանի մոտ: Պայթյունի հզորությունը կազմել է մինչեւ 40 կգ տրոտիլային համարժեքով: Ահաբեկչությունից տուժել է 29 մարդ: Նրանց շարքում 7-ը հայ են: Դեպքի պակակցությամբ հարուցվել է քրեական գործ միանգամից երեք հոդվածներով, այդ թվում նաեւ «ահաբեկչություն» հոդվածով: