Մայրաքաղաքում այսօր՝ օգոստոսի 19-ին եւ առաջիկա երկու օրերին հնարավոր են քաղաքային տրանսպորտի երթեւեկության եւ հանրային սպասարկման օբյեկտների գործունեության ժամանակավոր սահմանափակումներ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից:
«Օգոստոսի 19-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան, որին անմիջապես` օգոստոսի 20-ից 22-ը, կհաջորդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակներում մեր մայրաքաղաք են ժամանելու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներն՝ իրենց պատվիրակություններով։
Ելնելով այս իրադարձության պետական կարեւոր նշանակությունից, ինչպես նաեւ բարձր մակարդակի հանդիպումները պատշաճ կազմակերպելու նպատակով, այդ օրերին Երեւանում, բնականաբար, հնարավոր են քաղաքային տրանսպորտի երթեւեկության եւ հանրային սպասարկման օբյեկտների գործունեության ժամանակավոր որոշակի սահմանափակումներ : Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:



























