Իրանական կողմը հույս ունի, որ Ռուսաստանի կողմից Իրանին C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին պայմանագիրը կարող է համաձայնեցվել եւ ստորագրվել այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին Պաշտպանական արդյունաբերության օրվա առիթով ունեցած ճեպազրույցում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, С-300-ների մատակարարման հարցը ներառված է գերատեսչության օրակարգում, նաեւ պայմանագրի վերանայման եւ թարմացման անհրաժեշտ մեխանիզմներ կան:

Ռուսաստանն ու Իրանը C-300 համալիրների մատակարարման մասին պայմանագիր են ստորագրել 2007 թվականին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների ընդունումից հետո պայմանագրի իրականացումը դադարեցվել է: Ի պատասխան՝ Իրանը ՌԴ-ի դեմ հայց է ներկայացրել Միջազգային դատարան: Ներկայում կողմերը բանակցում են հայցը հետ կանչելու շուրջ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա ապրիլին հրամանագիր էր ստորագրել՝ չեղարկելով Իրանին այդ համալիրների մատակարարման շուրջ արգելքը: