Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների սպառազինման հարցով համագործակցության համաձայնագրի ստորագրումն իրականացվում է մարտի 26-ին ստորագրված, ատոմային ոլորտում համագործակցության համաձայնագրին համապատասխան, որը կնքվել էր Հայաստանի էներգետիկայի նախարարության եւ «Ռոսատոմի» միջեւ, NEWS.am-ին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավարի օգնական Սերգեյ Նովիկովը:

Նա հստակեցրել է, որ ըստ համաձայնագրի, որը կնքվելու է այսօր` օգոստոսի 19-ին, «Ռոսատոմը» հանդես է գալիս որպես «Մեծամոր Ինտեր ՌԱՕ» հայ-ռուսական ընկերության բաժնետեր: Ընկերությունն իրականացնելու է Մեծամորի ՀԱԷԿ-ի նոր, 2-րդ էներգաբլոկի շինարարությունը՝ ռուսական արտադրության ՎՎԷՐ-1200 ռեակտորով:

«Ընկերությունը պետք է ապահովի այդ բլոկի շինարարությունը եւ շահագորման հանձնի՝ ներկայումս գործող բլոկների շահագործումից դուրս գալուց հետո»,- ասել է Նովիկովը: Նա նաեւ հաղորդել է, որ «Ռոսատոմի» ձեռնարկություններում Հայաստանի համար արդեն սարքավորումներ են պահեստավորվել նոր ԱԷԿ-ի «ատոմային կղզու» համար: «Ռոսատոմում» վստահ են, որ տվյալ համաձայնագրի ստորագրումը Ռուսաստանի նախագահի այցի կարեւորագույն իրադարձություններից կլինի:

Նախագծի արժեքը կազմելու է 4,5 մլրդ դոլար, շահագործման ժամկետը 60 տարի է:

Էներգաբլոկը ապահովված է լինելու պասիվ անվտանգության համակարգով: Ատոմային վառելիքով վերալիցքավորման ժամկետը 18 ամիս է: Բլոկը նախատեսվում է շահագորման հանձնել մինչեւ 2017թ. վերջը: Մինչ այդ գործող ՀԱԷԿ-ի բլոկը դուրս է գալու շահագործումից:

Բանակցություններից հետո Սերգեյ Կիրիենկոն մեկնելու է Իրան, որտեղ օգոստոսի 21-ին մասնակցելու է «Բուշեր» ատոմակայանի ֆիզիկական մեկնարկի միջոցառմանը:

Նշենք, որ «Ռոսատոմի» ղեկավարը Հայաստան է ժամանելու օգոստոսի 19-ին՝ Ռուսաստանի նախագահ Դմիրտի Մեդվեդեւի այցի շրջանակներում: Նույն օրը համաձայնագիր կկնքվի Հայաստանի էներգետիկայի նախարարության եւ «Ռոսատոմի» միջեւ: