Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության աշխատանքների վերաբերյալ կոնկրետ փաստաթղթի ստորագրումը Իրան-Վեցյակ բանակցությունների ավարտից հետո վկայում է, որ Հայաստանը Իրանի համար եղել եւ շարունակում է մնալ կարևոր երկիր: Այս մասին այսօր`օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այն մտահոգությունները, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմից դուրս գալուց հետո հայկական ուղղությունը կկորցնի իր կարևորությունը Իրանի համար, կարծես թե դուրս է գալիս օրակարգից: Եվ Իրանն էլ կրկին կամք է դրսևորում՝ Հայաստանի հետ շարունակել համագործակցությունը, իրականացնելու այն բոլոր ծրագրերը, որոնք սառեցվել էին, կամ դանդաղ էին ընթանում կապված Իրանի հանդեպ իրականացվող պատժամիջոցների հետ»,- ասաց իրանագետը:

Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան 400 ԿՎ հզորությամբ երրորդ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի արժեքը մոտ 117,9 մլն. եվրո է, որից մոտ 90 միլիոնը տրամադրում է իրանական կողմը: Աշխատանքները նախատեսված է ավարտել 18 ամսում: Իրան–Հայաստան 400 ԿՎ երկշղթա օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է, այն նպատակաուղղված է  Իրանի հետ էլեկտրաէներգիա-գազ փոխանակման ծավալների մեծացմանը: