Intel ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում ընթացող IDF 2015 համաժողովին Optane ապրանքանիշային անվան տակ ներկայացրել է հիշողության նոր դաս, որը 1000 անգամ ավելի արագագործ է, քան ֆլեշ-հիշողությունը (NAND):

Այդ տեխնոլոգիան ստեղծվել է Micron ընկերության հետ համատեղ,  3D Xpoint էներգոանկախ հիշողության հիման վրա:  Optane-ը որպես ֆլեշ հիշողություն աշխատում է, նույնիսկ երբ սնուցման աղբյուր չկա, բայց անհամեմատ ավելի արագ, գրեթե մոտենալով օպերատիվ հիշողության մոդուլներին: Նրա արագությունը յոթ անգամ ավելի մեծ է, քան Intel P3700-ի ամենաարագագործ  SSD կուտակիչինը, հաղորդում է Lenta.ru-ն:

Ինչպես նշել են Intel-ում, նոր տեխնոլոգիան կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում, օրինակ` համակարգչային խաղերում: Այսպես, խաղերում տեսարանները կերեւան վայրկենապես, ոչ թե որոշ ժամանակ անց`  սկավառակային կուտակիչի վրա բեռնվելուց հետո:

Ակնկալվում է, որ այդ տեխնոլոգիան շուկայում կհայտնվի 2016-ին` Intel SSD-ի նոր` գերարագ եւ գերվստահելի կոշտ կուտակիչների մեջ: