United Artists Media Group մեդիաընկերության ղեկավար Մարկ Բերնետը (Mark Burnett) եւ Intel-ը հայտարարել են նոր հեռուսաշոուի թողարկման մասին, որը կկոչվի America's Greatest Makers եւ որում ժամանակակից տեխնոլոգիաների սիրահարները կպայքարեն 1 միլիոն դոլարի համար: Այդ նախագծի մասին ազդարարվել է Սան Ֆրանցիսկոյում ընթացող IDF 2015 համաժողովի շրջանակում:
Մասնակիցների խնդիրը կլինի կրելի սարքերի եւ այլ խելացի սարքավորումների ստեղծումը Intel Curie մոդուլի հիմքի վրա, որը եւս ցուցադրվել է IDF-ի շրջանակում:
Intel-ը հատուկ կայքի միջոցով արդեն ընդունում է հայտերը: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ինքդ քեզ եւ քո գաղափարը ներկայացնող տեսաժապավեն պատրաստել, նաեւ բացատրել, թե ինչու ես ուզում հայտնվել շոուում: Հայտ կարող է ներկայացնել ԱՄՆ-ի` 15 տարեկանից մեծ ցանկացած քաղաքացի:
Ակնկալվում է, որ նոր հաղորդումը եթեր դուրս կգա 2016-ի առաջին կեսին:
Անցյալ տարի Make It Wearable մրցույթում հաղթել էր Nixie խումբը, որը մշակել էր տեսախցիկով առաջին կրելի դրոնի նախագիծը (այն կարելի է կրել որպես ապարանջան):





























