Հայաստանի կառավարությունը օգոստոսի 19-ին կայացած նիստում սահմանել է, որ հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալները հրապարակվեն միայն հարկային մարմնի ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսուհետ այդ տվյալները մամուլում չեն հրապարկվելու: Որոշումը կայացնելու համար նկատի է առնվել վերջին տարիներին ինտերնետային հասանելիության մակարդակի էական բարձրացումը, ինչպես նաեւ այն, որ այդ ճանապարհով տարեկան կտնտեսվի 8-10 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայությունում գործող էլեկտրոնային կառավարման համակարգի արդիականացման եւ մաքսային ձեւակերպման գործընթացում էլեկտրոնային վճարման մոդուլի ներդրման հետ կապված համակարգչային սարքավորումների եւ ծրագրային փաթեթների ձեռքբերման նպատակով պետեկամուտների կոմիտեին հատկացրել է 48 մլն 727 հազար դրամ։ Եվս 49 մլն 910 հազար դրամ է հատկացվել հարկային ստորաբաժանումներում, մաքսակետերում եւ մաքսատներում տերմինալների տեղադրման, ծրագրային ապահովման եւ սպասարկման ծառայությունների ձեռքբերման նպատակով։