Թերահավատորեն եմ վերաբերվում Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու մասին հայտարարություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այդ մասին հայտարարությունները դիվանագիտական նշանակություն ունեն, որոնց նպատակը Իրանին ճնշելն ու նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով՝ տնտեսապես թուլացնելն է:

Դավիթ Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, չի բացառում, որ Իսրայելը հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող գործողություններ իրականացնի Իրանի նկատմամբ: «Սակայն ի՞նչ իմաստ ունի ռմբակոծել Բուշերի ատոմայականը, եթե այն դեռեւս պատրաստ չէ եւ ընդամենը միջուկային հումքի վրա էներգիա արտադրելու համար է: Այլ հարց է միջուկային այլ օբյեկտների նկատմամբ գործողությունների իրականացումը:

Բայց ես չեմ կարծում, որ հնարավոր է այդ միջուկային օբյեկտների ռմբահարումը, որովհետեւ դրանք ունեն պաշտպանունակության բարձր մակարդակ, ինչը դժվար հասանելի է դարձնում ռմբակոծման համար»,-նշեց Հովհաննիսյանը:

Այնուամենայնիվ, եթե Իսրայելը ռմբակոծի Իրանի միջուկային օբյեկտները, ապա դա, ըստ Հովհաննիսյանի, կտրուկ կերպով լարելու է իրավիճակը ողջ տարածաշրջանում: Դա լրացուցիչ պրոբլեմներ է ստեղծելու Հայաստանի համար: «Եթե հաշվի առնենք, որ մեր չորս հարեւաններից երկուսի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունենք ոչ նորմալ հարաբերություններ, ուստի հասկանալի է, որ մյուս հարեւանի՝ Իրանի դեմ վարվող պատերազմը մեզ համար շատ ծանր հետեւանքներ կունենա: Էլ չասած այն, որ Իրանը կձգտի պատասխանել ռմբակոծմանը, իսկ թե ինչ ձեւով, դա էլ շատ բարդ հարց է: Այսինքն, տեղի կունենան անկանխատեսելի զարգացումներ, ինչը բնական է  ցանկացած պատերազմի դեպքում»,-նշեց Հովհաննիսյանը:

Նշենք, որ ըստ արեւմտյան հեղինակավոր պարբերականների կանխատեսումների,  Իսրայելն արդեն օգոստոսի 20-ին հնարավոր է ռմբակոծի Բուշերի ատոմակայանն ու Իրանի միջուկային այլ օբյեկտներ: ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին լիազոր ներկայացուցիչ Ջոն Բոլտոնը հայտարարել է, թե Իսրայելին հաշված օրեր են մնում Բուշերի ատոմային ռեակտորին հարվածելու համար: Իսկ իսրայելական բանակի բարձրաստիճան մի ներկայացուցիչ Financial Times Deutschland-ին տված բացառիկ  հարցազրույցում հայտարարել է, թե Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի երկնքից հարվածել Իրանին, եթե վերջինս այդպես էլ չզիջի միջուկային վեճում: