Հայաստանի արտաքին քաղաքականությանը կարելի է միայն ծաղրով վերաբերել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, նման հասկացությունն,  ընդհանրապես, կիրառելի չէ Հայաստանի դեպքում:

«Պետք է օբյեկտիվորեն գնահատենք մեզ, մեր հնարավորությունները եւ մեր դերը երկրագնդի վրա: Ժամանակին դաշնակցականները ինչ-որ պետություն են ստեղծել, բանակ են հավաքել ու որոշել են պատերազմել, ապուշություն»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանն ընդամենը միջոց է մեկի համար մյուսին ինչ-որ բան հարկադրելու, այլ ոչ թե ինքնուրույն երկիր, որը կարող է արտաքին քաղաքականություն վարել: «Հայաստանի շահերը ոչ մեկին պետք չեն»,- նկատել է սոցիոլոգը:

Սոցիոլոգ Կարինե Դանիելյանի դիտարկմանը, թե «արդարություն կա, արդար մոտեցում, կա ՄԱԿ-ը, որտեղ Հայաստանն ունի իր ձայնը եւ որին անպայման կլսեն...», Ադիբեկյանը պատասխանել է, թե դա այդպես չէ եւ դեռ Նիցշեն է հերքել այդ միտքը: