Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմնի կողմից կյանքի կոչված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հանձնախմբի» նախաձեռնությամբ, Թեհրանում, պարսկերենով հրատարակվել է արեւմտահայ անվանի գրող, երգիծաբան, լրագրող եւ հրապարակագիր Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ 1914-1919, անձնական հիշատակներ» գիրքը: Այն հեղինակի հուշագրություններն է Ցեղասպանության եւ բռնագաղթի օրերից, հաղորդում է «Արաքս» շաբաթաթերթը:

416 էջանոց այս գիրքը, որ հրապարակ է իջել 1100 տպաքանակով, պարսկերեն է թարգմանել իրանահայ տաղանդավոր թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը եւ տպվել է Միրզախանյան ընտանիքի մեկենասությամբ Արամայիս Միրզախանյանի հիշատակին, «Աֆրազ» հրատարակչատան միջոցով:

Ա. Խեչումյանն իրանահայ ամենաաշխույժ թարգմանիչներից է: Նա իր թարգմանած տասնյակ գրքերի շարքին թարգմանել եւ հրատարակել է նաեւ Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի»-ն, որը մեծ ընդառաջում է գտել պարսիկ ընթերցողի կողմից եւ առաջին հրատարակությունից, ընդամենը, քանի ամիս հետո վերահրատարակվել:

Նշենք, որ Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմինը կյանքի է կոչվել եւ հովանավորվում է Թեհրանի Հայ մարզա-մշակութային «Րաֆֆի» համալիրի, Իրանահայ ազգային եւ մշակութային միության, Աշխարհատեսների հայկական կենտրոնի, անկախ մտավորականների, «Իրանահայեր» լրատվական կայքէջի եւ «Արաքս» շաբաթաթերթի կողմից: