Հայաստանի կառավարությունը օգոստոսի 19-ին կայացած նիստում հավանություն է տվել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում, հատկապես քաղաքային բնակավայրերում տիրող էկոլոգիական/սանիտարական իրավիճակով։ Ակնկալվում է, որ ծրագիրը հնարավորություն կտա կատարելագործել օրենսդրական դաշտը, առավել արդյունավետ օգտագործել շրջակա միջավայրի մաքրության եւ պահպանման միջոցները, փոփոխել հասարակության վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։

Նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել «Մաքուր հայրենիք» ծրագրի` իրենց իրավասություններին վերաբերող միջոցառումներին մասնակցելու ձեւի եւ ֆինանսական միջոցների ներգրավման առաջարկություններ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է ծրագրի կարեւորությունը եւ համոզմունք հայտնել, որ ամեն ոք գիտակցում է, թե ինչ խնդիր պետք է լուծվի։ «Շրջակա միջավայրի մաքրության հարցը շատ սուր է դրված Հայաստանում։ Ցանկացած ճանապարհով Երեւանից դուրս գալիս կամ մայրաքաղաք մտնելիս տեսնում ենք անտանելի վիճակ», - ասել է վարչապետը եւ հավելել, որ դրությունը շտկելու գործին պետք է լծվեն բոլորը` կրթօջախները, տեղական մարմինները, հասարակական կազմակերպությունները։ Հանրության վերաբերմունքը պետք է փոխվի, որպեսզի մեր հայրենիքն ավելի մաքուր լինի: