Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 պաշտպանական համակարգերի վաճառքը ամենեւին էլ միամիտ գործարք չէ: Այս մասին օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա չհամաձայնեց այն մեկնաբանությանը, թե Ադրբեջանն այդ զինատեսակով ընդամենը լուծելու է իր պաշտպանական խնդիրները: «Եթե ագրեսորը անհրաժեշտություն ունի պաշտպանված լինելու հնարավոր պատասխանից, ապա այդ պաշտպանական զենքը նրա մոտ ավելի է ամրապնդում այն միտքը, որ ինքը կարող է առանց պատժի հարձակում կազմակերպել հարեւանի վրա: Ուստի, C-300 վաճառքն այնքան էլ միամիտ գործարք չէ: Այլ հարց է, որ Ադրբեջանն ունի այնքան հնարավորություն, որպեսզի այդ զենքը գնի ոչ միայն Ռուսաստանից, այլ նաեւ ԱՄՆ-ից կամ Իսրայելից»,-նշեց Սարգսյանը:
Այս պարագայում, ըստ նրա, ճիշտ չէ կարծելը, որ Ռուսաստանը զենք վաճառելով Ադրբեջանին՝ ընդամենը ցանկանում է ռազմական հավասարակշռություն պահել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: «Ռուսաստանն այսպիսով իր շահերն է սպասարկում»,-նշեց ՀԴԿ նախագահը:



























