Ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին պայմանագրում կատարվող փոփոխությունը, ըստ որի Ռուսաստանը պաշտպանելու է ՀՀ անվտանգությունը, կզսպի Ադրբեջանի պատերազմ սկսելու մտադրությունները: Այս մասին օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայատարարեց  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Այսօրվա պայմաններում, ՀԱՊԿ-ի պայմանագրին համապատասխան, եթե ագրեսիա լինի ՀԱՊԿ-ի անդամ երկրների դեմ, նրանք բոլորը պետք է պաշտպանեն այդ երկիրն ագրեսիայից:

Ռազմաբազաների վերաբերյալ փաստաթղթում մտցվող նոր ձեւակեպումը առանձնացնում է նաեւ այդ իրավիճակը, այսինքն, Ռուսաստան ուղղակիորեն պարտավորություն է ստանձնում ապահովելու ՀՀ անվտանգությունը: Սա է այդ պայմանագրի որոշիչ կետը»,-նշեց Սարգսյանը: Իսկ եթե Ադրբեջանը հարձակվի Լեռնային Ղարաբաղի վրա, ապա այդ դեպքում, ըստ Սարգսյանի, Ռուսաստանը  չի կարող միջամտել, ընդամենը կարող է զենքով ապահովել: «Ռուսները չեն որոշելու՝ Ղարաբաղը տա՞ն, թե՞ չտան, քանի որ ԼՂ հարցը լուծելու իրավունք ունի միայն հայկական կողմը: ԼՂ-ի պաշտպանը Հայաստանն է եւ այդ պարագայում անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի բանակը լինի այնպիսի զինվածության մակարդակի, ինչպիսին այսօր ունի Ադրբեջանը: Հենց այդ հարցում էլ Ռուսաստանը պատրաստվում է մեզ աջակցել»,-նկատեց Սարգսյանը: 

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են արձանագրություն ստորագրել, որի համաձայն Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայումը երկարաձգվելու է առնվազն 49 տարով: Պայմանագրային փոփոխությունների նախագծում նշվում է, որ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան ՌԴ շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաեւ Հայաստանի անվտանգությունը: