«Ժողովրդական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեին թույլ չեն տվել մտնել փախստականներով բնակեցված Խուրվալեթի բնակավայր եւ շփվել մարդկանց հետ։
Այս դեպքի մասին Բուրջանաձեն պատմել է «Տրիալեթի» հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Նրա խոսքով, իշխանությունների կողմնակից բնակիչներն իրենց շատ ագրեսիվ են պահել:
Նինո Բուրջանաձեի հետ Գորիում է եղել նաեւ հայտնի մարզիկ Լուկա Կուրթանիձեն, ով նշել է, որ հեռանալու ժամանակ, փախստականները քարեր են նետել քաղաքական գործիչների վրա։
Խորհրդարանի նախկին խոսնակը ուղիղ եթերում խոսել է օգոստոսյան պատերազմի մասին եւ եւս մեկ անգամ մեղադրել Սահակաշվիլիի իշխանությանը։ Հեռուստադիտողների ճնշող մեծամասնությունը , ովքեր զանգահարել են հեռուստաընկերություն եւ ներկայացել որպես փախստականներ, Բուրջանաձեին անվանել են հայրենիքի դավաճան, մեղադրելով նրան Պուտինի հետ հանդիպելու համար։
Նինո Բուրջանաձեն խոստացել է, որ նորից կայցելի փախստականների բնակավայրեր, եւ կպատժի նրան, ում պետք է։




























