Աֆղանստանի Կունդուզի նահանգում իրենց ծառայությունն ավարտած հայ խաղաղապահները Գերմանիայից Հայաստան կժամանեն այսօր՝ օգստոսի 19-ի երեկոյան՝ ժամը  21:30-ին: Նրանք այս պահին ճանապարհին են: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունում NEWS.am-ի աղբյուրները:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը թույլ չէր տվել Աֆղանստանից Հայաստան թռչող գերմանական ինքնաթիռին մտնել իր օդային տարածք: Ինքնաթիռը, որը Երեւան էր տեղափոխում հայ խաղաղապահների հերթափոխը, պետք է Երեւանում վայրեջք կատարեր օգոստոսի 18-ի երեկոյան ժամը 20:30-ին: Սակայն այն Երեւանի փոխարեն ուղեւորվել է Գերմանիայի Քյոլն քաղաք: 

Նշենք, որ դա ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանում միջազգային ուժերի գործողությունների համար փոխադրումներ կատարող մարդատար ինքնաթիռն է:

Այս միջադեպը, ՀՀ ՊՆ-ում գնահատել են որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթացը խոչընդոտելու, նաեւ դեպի Աֆղանստան փոխադրումների համար ՀՀ օդային տարածքի եւ օդանավակայանների օգտագործման հնարավորությունները սահմանափակելու փորձ։ Ներկայումս հայկական կողմը քննարկում է համարժեք քայլերի դիմելու, մասնավորապես, Բաքվում վայրէջք կատարող ռազմական նշանակության բեռներ տեղափոխող ինքնաթիռներին ՀՀ օդային տարածքի օգտագործման թույլտվություն չտալու հարցը:

Նկատենք, որ մինչ օրս Հայաստանը որեւէ կերպ չի խոչընդոտել Թուրքիայից Ադրբեջան, ինչպես նաեւ Ադրբեջանից Աֆղանստան մեկնող եւ վերադարձող ինքնաթիռների չվերթները: