Եթե կինը մեկ տարի լիարժեք սեռական կյանքով ապրելուց հետո չի հղիանում, ապա ամուսնական զույգը պետք է սկսի անհանգստանալ կամ կասկածել, որ իր մոտ, հնարավոր է, անպտղության հետ կապված խնդիրներ կան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման նախազգուշացմամբ հանդես եկավ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի արտամարմնային բեղմնավորման լաբորատորիյաի վարիչ, անդրոլոգ-գինեկոլոգ Վահե Միլիտոնյանը։
Բժշկի խոսքով, անպտղության պատճառները մի քանիսն են՝ սկսած տղամարդու սերմի որակի անկումից կամ դրա իսպառ բացակայությունից, վերջացրած կանանց սեռական օրգանների խնդիրներով եւ հորմոնալ խախտումներով։ «Պատճառները շատ տարբեր են, բայց ամենացավալին այն է, որ մեր բժշկական կենտրոնի տվյալներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, անպտղությամբ տառապող զույգերի թիվն աճել է, ինչպես որ աճել է ողջ հանրապետությունում»,- տեղեկացրեց Վահե Միլիտոնյանը՝ հավելելով, սակայն, որ անպտղության համաշխարհային ցուցանիշները նվազման միտում ունեն։
Հարցին, թե անպտղության հանգեցնող խնդիրներն առավելապես կանա՞նց, թե տղամարդկանց մոտ են հանդիպում, բժիշկը նշեց, որ եթե մի քանի տարի առաջ տոկոսային հարաբերակցությունը 60/40 էր՝ ի նպաստ տղամարդկանց, ապա վերջերս պատկերն էականորեն փոխվել է. «Ներկայումս հարաբերակցությունը 50/50 է, ավելին՝ որոշ դեպքերում՝ 60/40, սակայն ի վնաս տղամարդկանց»,- տեղեկացրեց անդրոլոգ-գինեկոլոգը՝ միաժամանակ փաստելով, որ հետազոտվելու համար տարեցտարի ավելի ու ավելի մեծ թվով տղամարդիկ են դիմում իրենց: «Ժամանակի հետ կարծրատիպերը ջարդվում են, եւ հայ տղամարդիկ այլեւս չեն խուսափում դիմել բժշկի. այս հարցին նրանք գնալով ավելի գիտակցաբար են մոտենում»,- նշեց մասնագետը։
Ամփոփելով՝ Վահե Միլիտոնյանը տեղեկացրեց, որ անպտղության բուժման համար զույգերը պետք է պատրաստ լինեն վճարել 155 հազարից մինչեւ 1 մլն դրամ: «Արտամարմնային բեղմնավորումն, օրինակ, հենց այդքան արժե՝ 1 մլն դրամ, սակայն լինում են նաեւ բոլորովին անբուժելի դեպքեր»,-ավարտեց նա։



























