ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան Կոնգրեսին ուղղված նամակում հայտարարել է, որ մտադիր է շարունակել տնտեսական ճնշումն Իրանի նկատմամբ նույնիսկ միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի՝ կոնգրեսականների կողմից հավանության արժանանալուց հետո, գրում է The New York Times-ը:

«Եթե Իրանն սկսի հակվել միջուկային զենք արտադրելուն, ԱՄՆ-ի տրամադրության տակ գտնվող բոլոր տարբերակները, այդ թվում ռազմական, հասանելի կլինեն թե գործարքի գործողության ժամանակ, թե դրանից հետո»,-ասել է Օբաման:

Նա նաեւ հաստատել է, որ մտադիր է ուժի մեջ թողնել լիբանանյան «Հըզբոլլահ»-ի եւ Բաշար Ասադի կառավարության դեմ պատժամիջոցները:

ԱՄՆ նախագահը նաեւ խոստացել է ուժեղացնել համագործակցությունն Իսրայելի եւ դաշնակից երկրների հետ՝ նպատակ ունենալով հակազդել Եմենում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Իրանի փորձերին: