Ամերիկյան պաշտոնատար անձինք անհանգստացած են Իրանին հակաօդային պաշտպանության առաջատար ռուսական համակարգեր` С-300 վաճառելու հնարավորությունից, հաղորդում է CNN-ը:

Ինչպես փոխանցել է հեռուստաալիքը իր երեկոյան թողարկումներից մեկում, Թեհրանին С-300-ի վաճառքը կնշանակի, որ ամերիկյան եւ իսրայելական ռազմական ինքնաթիռները չեն կարողանա անհրաժեշտության դեպքում աննկատ ներթափանցել Իրանի օդային տարածք եւ սկսել այդ երկրի միջուկային օբյեկտների ռմբակոծումը:

«Ինչպես նախկինում արդեն հայտնել էի, մենք հստակորեն հասկացրել ենք, թե ինչու ենք դեմ այդ հրթիռային համակարգերն Իրանին վաճառելուն: Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին: Մենք պիտի տեղյակ լինենք այդ գործարքի մանրամասներին, որպեսզի հասկանանք, թե արդյոք պիտի գործի դնենք մեր սեփական պատժամիջոցային մեխանիզմներից որեւէ մեկը », ամերիկյան Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

Նշվում է նաեւ, որ վերոհիշյալ համակարգերի վաճառքը չի խախտում ՄԱԿ-ի պատժամիջոցային որոշումները, քանի որ  С-300-ը հարձակողական զենք չի հանդիսանում, բայց, չնայած դրան, ԱՄՆ-ը շարունակում է քննադատել ՌԴ-ի եւ Իրանի միջեւ գործարքը: