Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ՝ Սվետլանա Մեդվեդեւայի հետ ժամանել է Հայաստան: ՌԴ նախագահը Հայաստան է ժամանել պետական այցով՝  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երեւանի ժամանակով ժամը 19:30-ին:

«Զվարթնոց» օդանավակայանում հյուրին դիմավորել են Հայաստանի նախագահ  Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:  Բարձրաստիճան հյուրի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Ռուսաստանի պետական օրհներգերը: Այսօր՝ օգոստոսի 19-ին, Ռուսաստանի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երեկոյան բարձրաստիճան հյուրի պատվին կտրվի պետական ընթրիք:

Կրեմլի աշխատակազմում հատուկ ընդգծել են, որ պետական այցը, ըստ դիվանագիտական արարողակարգի, միջազգային հարաբերությունների ամենաբարձր մակարդակն է: Մինչ այժմ հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ պետական այցեր տեղի չեն ունեցել:

Տեսանյութը՝ Երկիր Մեդիայի