Իրանի հետ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի միջուկային գործարքը Սենատում գնալով ավելի մեծ աջակցություն է ստանում տատանվող դեմոկրատների կողմից, չնայած հանրապետականների դիմադրության մեծացմանը այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել Իրանի եւ ՄԱԿ-ի միջուկային օբյեկտների ստուգող գործակալության միջեւ անդրկուլիսյան գաղտնի համաձայնության վերաբերյալ: Այդ մասին The Associated Press գործակալության կայքում գրում է խորհրդարանական թղթակից Էրիկա Վերները:
Նա հաղորդում է, որ հինգշաբթի օրը Քլեր Մակէսքիլը այս պահի դրությամբ վերջին սենատորն է դարձել, որը հայտարարությամբ իր աջակցությունն է հայտնել. «Այս գործարքն իդեալական չէ, եւ ոչ ոք չի վստահում Իրանին, բայց ինձ համար պարզ է դարձել, որ աշխարհը միավորվել է այս համաձայնության շուրջ, բացառությամբ Իսրայելի կառավարության»:
Ինչպես փոխանցում է գործակալությունը, այժմ Սենատում 26 դեմոկրատ է աջակցում համաձայնագրին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի չեղարկմանը, որի դիմաց վերջինս միլիարդավոր դոլարներ կշահի պատժամիջոցների վերացման արդյունքում: «Քանի որ հանրապետականների մեծամասնությունը միաձայն դեմ է հանդես գալիս, Օբամային Սենատում 34 դեմոկրատ է անհրաժեշտ, որպեսզի կարողանա վետո դնել գործարքին անհավանություն հայտնող որոշման վրա: Գործարքին հավանություն չտալու մասին փաստաթուղթը կարող է ընդունվել եկող ամիս: Քանի որ այս պահին Սենատում միայն երկու դեմոկրատ է հանդես գալիս գործարքի դեմ, այդ թիվը գնալով ավելի է թվում հասանելիության սահմաններում, եւ գործարքի կողմնակիցները կարող էին նույնիսկ 41 ձայն ապահովել, որպեսզի թույլ չտան, որ որոշման նախագիծն անցնի», – նշում է թղթակիցը:
Նույն դինամիկան է նկատվում նաեւ Ներկայացուցիչների պալատում, որտեղ փոքրամասնության առաջնորդը` Նենսի Փելոսին The Associated Press-ին ասել է, որ դեմոկրատները կաջակցեն Օբամային, եթե նա ստիպված լինի վետո դնել անհամաձայնության վերաբերյալ նախագծի վրա: «Դրա համար 146 դեմոկրատի ձայն անհրաժեշտ կլինի: Հինգշաբթի օրվա դրությամբ հանրայնորեն արտահայտված կողմնակիցների թիվը մոտեցել էր 60-ի», – ասվում է հոդվածում:





























