Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Զվյագինցեւը լրագրողների ներկայությամբ, Սմոլենսկի մոտ տեղի ունեցած վթարի (որի ժամանակ զոհվեց Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին) 11 հատորից բաղկացած քրեական գործը հանձնել է Լեհաստանի գլխավոր զինվորական դատախազ Կշիշտոֆ Պարուլսկիին:

Պարուլսկին նշել է, որ ավիավթարի հետաքննության արդյունքում մեղավորներին կարող են քրեական պատասխանատվության ենթարկել: «Ճշմարտությունը պետք է շատ մանրամասնորեն բացահայտել: Մենք գիտակցում ենք, որ այդ ճշմարտության արդյունքում որոշ մարդիկ կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել»,- ասել է Պարուլսկին:

Իր հերթին Ալեքսանդր Զվյագինցեւն ասել է. «Ներկայումս մենք լեհական կողմին ենք հանձնում վթարի ականատեսների վկայությունների, տեղանքի ուսումնասիրությունների արձնագրությունների պատճեները, ֆոտոաղյուսակները, վթարի արդյունքում զոհվածների մարմինների դատաբժշկական գենետիկ փորձաքննությունների եզրակացությունները»:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած վթարը խլել է 96 մարդ, այդ թվում Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին ու նրա կինը: Լեհաստանն ու Ռուսաստանը առանձին հետաքննություն են իրականացնում եւ անհրաժեշտության դեպքում նյութերի փոխանակություն իրականացնում: