Այսօր ժամանակն աշխատում է Հայաստանի դեմ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի ռազմավարության եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը։ Նրա խոսքով, Ռուսաստանի համար Ադրբեջանն ավելի գրավիչ է դառնում որպես գործընկեր։ «Աշխարհում կան մի քանի պետություններ, որոնց դիրքին ձգտում են մնացածները։ Այսօր Ադրբեջանը, շնորհիվ մի շարք հանգամանքների, վերածվում է նման մի երկրի»-նշեց փորձագետը։ Նրա խոսքով, Ադրբեջանն այսօր հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանի, Իրանի եւ ԱՄՆ-ի համար։

«Բնական է, որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս արդյունավետորեն օգտագործել ստեղծված ռազմաշխարհագրակական իրավիճակը։ Դա թույլ է տալիս Ադրբեջանին ավելի ուժեղ ճնշում գործադրել Հայաստանի վրա  քաղաքական, տնտեսական, եւ հնարավոր է ռազմական ոլորտներում, նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում»-ասաց Պուխովը։

Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը Լեռնային Ղարաբաղում, փորձագետը պատասխանեց, որ ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը չեն ուզում, որ պատերազմը վերսկսի: «Հայաստանը եւ Ադրբեջանը բավականին ինքնուրույն տարածաշրջանային միավորներ են  եւ եթե կողմերից մեկը որոշի ուժ կիրառել, ապա դժվար թե նա որեւէ մեկի հետ խորհրդակցի»,- ասել է փորձագետը: