Մոսկվան Հայաստանին համարում է իր գլխավոր դաշնակիցը Հարավային Կովկասում։ Այս մասին օգոստոսի 19-ին ER.RU-ին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Ռուսլան Կոնդրատովը, հավելելով, որ Մոսկվան միշտ էլ Երեւանի գլխավոր դաշնակիցն է եղել։ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցությունը պայմանավորված է երկու քրիստոնեական երկրների պատմական ընկերությամբ։
«Մոսկվան Հայաստանին իր գլխավոր դաշնակիցն է համարում Հարավային Կովկասում, հատկապես Վրաստանի հետ ունեցած օգոստոսյան պատերազմից հետո, երբ Ռուսաստանը խզեց Թբիլիսիի հետ դիվանագիտական կապերը»։
«Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության նորագույն պատմությունն սկսում է 1992 թվականից, երբ երկու պետությունների նախագահները ստորագրեցին Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիր։
1995 թվականի մարտին երկու պետությունների միջեւ ստորագրվել է Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ համաձայնագիր։ Ներկայումս էլ որոշում է ընդունվել երկարաձգել այդ համաձայնագրի տեւողությունը միչեւ 2044 թվականը»-հայտարարեց նա։
«Բացի այդ Ռուսաստանը բազմիցս ֆինանսական օգնություն է ցուցաբերել Հայաստանին, որը 1993 թվականին շրջափակման մեջ էր, երբ Թուրքիան հետեւելով Ադրբեջանի օրինակին, փակեց Հայաստանի հետ ունեցած իր սահմանները։ Բացի այդ, Ռուսաստանում կա հզոր հայկական սփյուռք»-նշել է Կոնդրատովն ու հավելել. «Անհնար է չնշել, որ Հայաստանում ռուսական ներդրումներն, այսօրվա դրությամբ, հասել են 2,750 մլրդ դոլարի։ Ռուսաստանը Հայաստանի համար շատ կարեւոր առեւտրատնտեսական գործընկեր եւ ներդրող է»:




























