D-Wave Systems-ը ազդարարել է  D-Wave 2X  նոր քվանտային համակարգչի թողարկման մասին եւ հաղորդել է, որ սարքի արտադրողականությունը  600 անգամ գերազանցում է սովորական (դասական) համակարգիչների համանման ցուցանիշը, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով New Scientist պարբերականին:

D-Wave 2X-ը հանդիսանում է ընկերության ստեղծած քվանտային երրորդ համակարգիչը եւ հազար կուբիթ է պարունակում` երկու անգամ ավելի շատ, քան նախորդ նմուշը:  D-Wave 2X-ը աշխատում է 15 միլիկելվինից ցածր ջերմային պայմաններում (դա 180 անգամ ավելի սառն է, քան միջաստղային տարածության ջերմաստիճանը) եւ պարունակում է 128 հազար ջոզեֆսոնային թունելային անցում: 

Ինչպես ցույց են տվել թեսթերը, նոր սարքավորումը դասական համակարգչի համեմատ 600 անգամ ավելի արագ է լուծում օպտիմիզացիայի խնդիրները  (չհաշված տվյալների ներմուծման եւ հանման ժամանակը): Եթե նկատի ունենանք տեղեկատվության բեռնումն ու արտաբեռնումը, ապա  D-Wave 2X-ը սովորական համակարգչին գերազանցում է 15 անգամ:

D-Wave Systems-ի գլխավոր շտաբը տեղակայված է Կանադայում` Բրիտանական Կոլումբիայում: Ներկայումս այն աշխարհում միակ ընկերությունն է, որը վաճառում է իր ստեղծած քվանտային համակարգիչները: Նրա հաճախորդների թվում են, մասնավորապես,   Google-ը եւ NASA-ն: