Հայաստանի 28 հրշեջները, որոնք մասնակցել են Ռուսաստանի Նիժեգրոդյան մարզում անտառային հրդեհների մարման աշխատանքներին, արժանացել են պարգեւների: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հայ հրշեջները հանգցրել են հրդեհները Մորդովիայում, կրակից պաշտպանել են Նիժեգորոդյան մարզի Պերվոմայսկի շրջանի բնակավայրերը: Հայ մասնագետների յուրահատուկ տեխնիկան, հատուկ տրանսպորտը, որն ունակ է հրդեհի վայր հասցնել 10 տոննա ջուր, ուղղակի անփոխարինելի են եղել անտառային հրդեհների մարման գործում:
Պարգեւատրման արարողությունը կայացել է այսօր` օգոստոսի 19-ին, ՌԴ ԱԻՆ Նիժեգորոդյան մարզի գլխավոր վարչությունում: Հայ հրշեջներին Ռուսաստանի ԱԻՆ մեդալներ են հանձնել` «Հանուն փրկության համագործակցելու» եւ «Արտակարգ իրավիճակի վերացման հարցում գերազանցության» համար: Բացի այդ հայ հրշեջներն արժանացել են թանկարժեք նվերների: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են փոխնահանգապետ Վլադիմիր Իվանովը եւ Ռուսաստանի ԱԻՆ Նիժեգորոդյան մարզի գլխավոր վարչության ղեկավար Ալեքսեյ Շիկանովը:



























