Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում ոչ մի բանակցություն էլ չի օգնի եւ նոր ռազմական հակամարտությունն անխուսափելի է: Նման տեսակետ է հայտնել ռուսական Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը: Նրա խոսքով, կողմերն այնքան արմատական են տրամադրված, որ խաղաղ կարգավորումն անհնար է:

Հարցին, թե կա՞ն իրական հիմքեր պատերազմի վերսկսման համար, Սիմոնովը դրական պատասխան է տվել: «Ամենալուրջ հիմքը դա կողմերի դիրքորոշումներն են: Երկրորդն Ադրբեջանի սպառազինումն է: Վերջին տարում Ադրբեջանը հսկայական միջոցներ է ներդրել ռազմական ոլորտում: Դա կարելի է ցանկացած կերպ մեկնաբանել, բայց մենք տեսնում ենք, որ նրանց բանակն ինչ-որ բանի է պատրաստվում»,- ասել է քաղաքագետը:

Այնուհետեւ անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի 49 տարով երկարաձգմանը, Հիմնադրամի տնօրենը դա անվանել է գործոն, որը դեռեւս զսպում է պատերազմի վերսկսումը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Սիմոնովը այդ խնդրին հոռետեսորեն է վերաբերում: «Խոսքերով մերձեցում, կարծես, տեղի է ունենում, բայց իրականում դրան խանգարում է երկու բան. Առաջին. Պատմական հիշողությունը, որը ոչ մի տեղ չի անհետացել: Բավական է այցելել Հայաստան, հասկանալու համար, որ ցեղասպանությունը չի մոռացվել: Երկրորդ. Ադրբեջանը հիացած չէ այդ մերձեցումից, քանի որ ԼՂ հարցում հույսը է դնում Թուրքիայի աջակցության վրա: Դրա համար էլ մեր ստացած արձագանքները դեռեւս չի կարելի մերձեցում անվանել»:

Կոնստանտին Սիմոնովը կարծում է, որ Ռուսաստանը չպետք է նպաստի հայ-թուրքական մերձեցմանը: «Ես ընդհանրապես, համոզված եմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ջերմացումը հապշտապ որոշում էր, որի հետեւանքները մինչեւ վերջ չեն հաշվել: Թուրքիայի հետ մենք ռազմավարական դժվարություններ ունենք: Վերցնենք թեկուզ էներգետիկան: Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում, երբ առաջարկում է իր տարածքով էներեգետիկ խողովակաշարեր անցկացնել, որոնք այլընտարնք են ռուսական խողովակաշարերին: Դա ամբողջությամբ հակասում է մեր շահերին: Իհարկե, մենք կարող ենք օգնել Երեւանի ու Անկարայի մերձեցմանը, բայց անհասկանալի է, թե այդտեղ որն է մեր սեփական ռազմավարական շահը: Դա, ընդհակառակը, հակասում է մեր շահերին»,- ընդգծել է նա: