Մերձավոր Արեւելքի հարցով միջնորդների «քառյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ եւ ՄԱԿ) այսօր` օգոստոսի 20-ին հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կոչ կանի իսրայելցիներին ու պաղեստինցիներին ուղիղ բանակցություններ սկսել սեպտեմբերի 2-ին Վաշինգթոնում: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Դիվանագետների կարծիքով, բոլոր մանրամասները համաձայնեցվել են օգոստոսի 19-ին: Ակնկալվում է, որ Իսրայելն ու Պաղեստինը պատրաստ կլինեն ընդունել առաջարկությունը: Այդ բանակցություններին կմասնակցի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Ավելի վաղ Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ներկայացուցիչ Ազամ ալ-Ահմեդը հայտարարել էր, որ Իսրայելը «ձգտում է ամեն կերպ խոչընդոտել «քառյակի» համատեղ հայտարարությանը»: Նա կարեւոր է համարել «քառյակի» կողմից նման կոչի ընդունումը, սակայն չի մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլիի հայտարարությունը, ըստ որի պաղեստինցիներն ու Իսրայելը մոտ են ուղիղ երկխոսություն սկսելուն:

Նա կրկնել է Պաղեստինի լիդերի նախկին դիրքորոշումը, ով պնդել է, որ բանակցությունները պետք է հստակ ժամկետային սահմանափակում ունենան եւ Իսրայելը պետք է ընդունի 1967 թվականի սահմանները, ինչը ենթադրում է դադարեցնել անօրինական շինությունների կառուցումը Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում: